Մեծահարուստ Դանիել պապիս խոսքն է՝ Զանգեզուրի կայազորի խորհրդին, 1920-ին: Մայրս պատմում էր, որ Գորիսում Անդրանիկի և նրա անբաժան ուղեկից գաղթականության հայտնվելուց հետո, քաղաքում՝ հոր պատմելով, տիֆի ու խոլերայի մեծ բռնկում է եղել, որին զոհ են գնացել տասնյակ ու տասնյակ բնակիչներ:
Հստակ թիվը գրանցված չէ, բայց այն հասել էր մի քանի հարյուրի, համաճարակը, ցավոք, թափանցել էր նաև զորքի մեջ, զինվորներ էին մեռնում, գաղթականությունը, ընկած Գորիսի տներով, հաց ու հագուստ էր մուրում՝ վարակն այսպես տարածելով: Այդ նույն ընթացքում Զանգեզուրում կենաց-մահու գոյամարտ էր մղվում՝ միաժամանակ թուրքի և կարմիրների դեմ: Դանիել պապիս շփումը մեծ է եղել Անդրանիկի զորքի ու գաղթականության հետ: Որպես քաղաքի ճանաչված մեծահարուստ, նա առաջիններից մեկն էր, ով իր տներն ու պահեստները դատարկել, ապաստան էր տվել նրանց, կերակրում և հոգում էր կարիքները, ամեն օր շրջում գաղթականության համար հապճեպ կառուցված փայտաշեն տներով, «մի սուրու» հիվանդ երեխեքի, ովքեր չէին կարող ցուրտ ու խոնավ, բազմաթիվ ճեղքերով, անհարմար տանիքներով կացարաններում մնալ, հավաքել-տարել էր իր տուն: Բաղիրովների, Միրումովների պես՝ Ավագիմովներն էլ իրենց ողջ հարստությունն ուղղել էին զորքին ու գաղթականությանը, մղվող հայ-թուրքական պատերազմին: Քեռիներս և մորաքույրներս արդեն ծնված էին, բոլորն էլ վարակվեցին տիֆով ու մալարիայով, բոլորի մոտ էլ, բուժվելուց հետո, ախտահարվեց լյարդը, ողջ կյանքում տառապեցին այդ հիվանդությամբ, ինչն էլ հետագայում պատճառ դարձավ նրանց վաղաժամ մահվան։ Համաճարակը դեռ երկար ժամանակ տեղ-տեղ բռնկումներ էր ունենում, 30-ականներին ծնված մայրս էլ վարակվեց մալարիայով, նրա լյարդն էլ ախտահարվեց:
Ոչինչ հնարավոր չէր անել, գաղթականությունն իր հետ «նվեր» էր բերել գորիսեցիներին, որը պատվով ու առաքելությամբ երկրացիներս կրում էին: Երբ ողջ տունն էր արդեն վարակվել համաճարակով, Զանգեզուրի կայազորը, որի հանձնախմբում պապս էլ կար, քննեց նրա հարցը, ասելով, թե համաճարակ է տարածում քաղաքում, պետք է շուտափույթ իր «ամարաթներում» ապաստանած գաղթականներին վերադարձնել իրենց կացարաններն ու մեկուսացնել: Պապիս խոսքից հետո այդ հարցն այլևս չհնչեց, այն ընդունվեց իբրև համախմբման և մարդասիրության կոչ: Նա ասել էր. «Եթե մեռնելու ենք, թող բոլորս միասին մեռնենք, ես չեմ կարող Անդրանիկի որբերին ջոկել իմ երեխեքից: Այս չուման մեզ քար չի անի, ավելի կարևոր է Զանգեզուրի պահպանումը»: Այս մասին 1931-ին գրվել է նաև Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում։ Քաղաքը պատվով հաղթահարեց համաճարակը՝ զոհեր տալով, ճյուղակտոր լինելով, նորից ոտքի կանգնելով, բայց երբեք չկորցնելով հույսը Անդրանիկի ու Նժդեհի զորքի, իրենց հաղթանակի հանդեպ։
Գորիսեցիները պատրաստ էին Անդրանիկի «բերած» վիրուսով վարակվել ու մեռնել, միայն թե երկրամասը պաշտպանված լիներ թուրքից, բոլշևիկը չկարողանար Զանգեզուրը պոկել մայր հայրենիքից ու նվիրել նորաստեղծ «ադրբեջան» կոչվող չարիքին։ Զանգեզուրը կարևորում էր իր գոյամարտը, նրա ողջ ուժերն ուղղված էին չորս կողմից իրեն պաշարած թուրքի և բոլշևիկի հարձակումներին, նա կենաց ու մահու կռիվ էր տալիս՝ մինչև վերջնականապես չազատագրեց երկրամասն ու չհաստատեց ազատ և անկախ Լեռնահայաստանի հաղթանակը: Հայաստանի նորաստեղծ կառավարությունը ստիպված էր պատվիրակություն ուղարկել Լեռնահայաստանի իշխանություններին՝ համաձայնության գալու և Խորհրդային Հայաստանին միանալու խնդրանքով: Երկար ժամանակ Լեռնահայաստանի համազանգեզուրյան կոմիտեն ձգձգում էր խորհուրդների հետ բանակցությունները, նա դեռ անելիքներ ուներ Վայոց ձորում: Լեռնահայաստանի զինված ուժերը ցանկանում էին նրան էլ ազատագրել: Նրանք գրավեցին ու ազատագրեցին խորհդային Վայոց ձորն էլ: Միայն Անդրանիկի ու Նժդեհի հորդորով զանգեզուրցին ցած դրեց պայքարի զենքն ու միացավ Խորհրդային Հայաստանին: Նա արդեն իր դասը տվել էր խորհրդային Ռուսաստանին ու Հայաստանի բոլշևիկյան իշխանությանը: Իսկ որ ամենակարևորն էր՝ թուրքին:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս